Շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը' առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարի առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։