Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Արկադի Բաղդասարյանի (Արկո) ծննդյան 80-ամյակին նվիրված «Հետք» խորագրով ցուցահանդեսի բացումը:Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Ցուցահանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 50 աշխատանքներին, որոնք բացահայտում են արվեստագետի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ վաղ շրջանի գործերից մինչև հասուն շրջանի գլուխգործոցները։
Հայկական աբստրակցիոնիզմի ներկայացուցիչ Արկադի Բաղդասարյանի 80-ամյակին նվիրված «Հետք» ցուցահանդեսը մի կողմից արտացոլում է Արկադի Բաղդասարյանի անցած ստեղծագործական ճանապարհը՝ որպես աբստրակտ արվեստի առաջամարտիկի մշակութային «հետքը», մյուս կողմից՝ խորհրդանշում այն հոգևոր և ստեղծագործական ժառանգությունը, որը նա փոխանցել է հաջորդ սերունդներին։