2025թ. օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրեցին Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:
Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։
Կողմերը վերահաստատեել են իրենց վճռական հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ խարսխված ընդհանուր արժեքների, միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի վրա:
Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրում ընթացող ժողովրդավարական վերափոխումները՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքի գերակայության առաջմղմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ընդլայնմանն ուղղված ջանքերը: Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և վերահաստատել իր աջակցությունը նշյալ բարեփոխումների շարունակականությանը:
Կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի: Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում: