Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում միջնորդեց հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ապօրինի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, ինչն ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Քրեական վարույթը նախաձեռնվել է մեկ տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցի հիման վրա, որը նախկինում քննության առարկա արդեն դարձվել է և դատախազությունն արձանագրել է, որ հանցակազմ առկա չէ և հրաժարվել է վարույթ նախաձեռնվել»,-նշեց Սարգսյանը:
Իր եզրափակիչ ելույթում պաշտպանը կրկին շեշտեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ է, դատարանի վճիռն էլ՝ կանխորոշված։
Նշենք, որ նիստի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկող հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։