Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունել է  Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված  համաժողովի մասնակիցներին

14:55, 05 սեպտեմբեր 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունել է  Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված  համաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սեպտեմբերի 4-7-ը Մայր Աթոռում անցկացվող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովին մասնակցող Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին։ 

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս  հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները, սերտացնելու միմյանց միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու եղբայրության ոգու ամրապնդման ուղղությամբ։
 
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայոց Եկեղեցու և Քույր Եկեղեցիների, հարանվանությունների ու միջեկեղեցական տարբեր կառույցների միջև առկա են ջերմ փոխհարաբերություններ։ 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց նաև Եկեղեցիների պետերին ու հոգևոր առաջնորդներին դժվարին ժամանակներում  Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու զորակցության համար։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող ներկաների հարցերին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները