Հետևեք մեզ։

Իրանում կայացել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳ ներկայացուցիչների հանդիպումը

09:53, 09 սեպտեմբեր 2025
Իրանում կայացել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳ ներկայացուցիչների հանդիպումը
Իրանի հյուրընկալությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
 
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։
 
Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ: Ամփոփվել է 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների արդյունքներով սահմանված նպատակների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ շահերը երաշխավորելու և տարածաշրջանում բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։
 
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները