ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը չի համարում պատահական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Անցյալ գիշեր Լեհաստանում մենք տեսանք պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը, և կան հիմքեր ենթադրելու, որ սա միտումնավոր էր, ոչ թե պատահական», - գրել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Լեհաստանի արտգործնախարարի հետ՝ շեշտելով, որ ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Լեհաստանին։
«Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում», - հավելել է Կալասը՝ կոչ անելով ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի պաշտպանության մեջ։