Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է:
Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց:
Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, ովքեր կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու, կամ ականատես լինելու մեջ:
Վիճաբանություն՝ Երևանում. կա վիրшվոր
11:49, 15 սեպտեմբեր 2025