Բոլոր ազգային կառույցները, որոնք ազգային խնդիրներով զբաղվում են, բնականաբար հարվածի տակ են, այդ թվում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ իբրև ազգային կառույց, համահայկական կառույց, մեր ինքնության պահպանման և հայապահպանության հարցում մեծ դերակատարություն և պատմական դերակատարություն ունեցող կառույց, բնականաբար, դարձել է թիրախ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով իշխանության պնդումներինՍաղաթելյանն ասաց. «Սուտ են ասում, 2021 թվականին իրենք մարդկանց խոստացել են Արցախի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով. ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու։ Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչոր պատճառներ են գտնում աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարող է ասի, որ Արցախը հանձնեցինք, այսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան, կամ դարձավ ավելի անկախ։
Միշտ էլ այլընտրանքը կա, բայց քանի որ իրենք դավաճան են, խամաճիկ են, իրենց ամբողջ քաղաքականությունը եղել է Արցախը հանձնելը ու հետո այդ հանձնելը լեգիտիմացնելը, հետևաբար իրենց պարագայում բնականաբար որևէ հնարավորություն չկա և չէր կարող լինել։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ի՞նչ է խոսել պատերազմից առաջ, հարձակումից առաջ, ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ է խոսել Էրդողանի հետ, արդյո՞ք ինքը ամբողջությամբ տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյո՞ք ինքը նաև երաշխիք էր տվել, որ Հայաստանը որևէ կերպ չի հարձակվելու, որևէ ծպտուն չի անելու և լուռ նստելու է, տեսնի ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում։ Ես վստահ եմ, որ ինքը այդ պայմանավորվածությունը ունեցել է ու այդ երաշխիքը տվել է»,– հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։