Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց կուսակցության անդամներին, որոնք կարողացել ենք Հայաստանի դժվարին ու դժոխային օրերում չսասանվել, տանել բեռը, տառապանքն ու ցնցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում:
Խոսելով անցած դժվարությունների, խաղաղության հաստատման գործընթացի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին՝ Փաշինյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց կուսակցականներին:
Դիմելով կուսակցական ընկերներին՝ Փաշինյանն ասաց. «Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք: Բայց աներևեկայելի է, թե ինչպես էր հնարավոր չսասանվել: Դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել, ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, այդ տառապանքն ու ցնցումը, ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով: Ձեր և ձեր ընտանիքների անդամների հասցեին՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը, որ ձեր դեմ կիրառում էին և կիրառում են»:
Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց համաժողովին մասնակցող բոլոր պատվիրակների, կուսակցության մյուս անդամների, նրանց ընտանիքների առաջ: Նա նկատեց՝ նույնիսկ ինքն ամբողջությամբ չգիտի, թե ինչերի միջով են նրանք անցել ու անցնում 2020թ. այն դժնդակ օրերից ի վեր:
«Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին: Բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, որովհետ մեր տեսած այն պայմաններում հենց դա է տրամաբանականը, հենց դա է սովորական մարդկայինը, որովհետև ՔՊ կուսակցության անդամ լինելով՝ հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, հնարավոր չէ վերապրել: Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետև կանգուն մնալն անհնարին էր, կատարելապես անհնարին, և նրանց փլուզումն անկանկալ չէր ու հասկանալի էր նույնիսկ: Բայց դուք կանգնեցիք, ասել է թե՝ դուք արեցիք անհնարինը: Եվ սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու առանձնահատկությունը, կուսակցությունն անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը»,–ասաց Փաշինյանը:
Նա մոտեցավ բեմի կենտրոնին ու խոնարհվեց: