Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։
«Ռեֆորմների ռեֆորմը, որ պետք է անենք, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որն, ի դեպ, նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև։ 1995թ․ սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և մեր Սահմանադրության օգտին չի քվեարկել, դա քաղաքական հարց է, բայց այստեղ կա նաև օրգանական հարց, օրգանական հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։ Ինքը չի համարում, որ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօրվա Հայաստանի իրավակարգը նույնքան ատելի է Հայաստանի ժողովրդի համար, որքան ատելի է եղել Խորհրդային միության, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության կողմից պարտադրված իրավակարգը։
«Որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը, կապ չունի այդ մարդկանց խումբը Հայաստանի իրավական էլիտայի ներկայացուցիչներն են, թե ուրիշ երկրների։ Սահմանադրությունն ի՞նչ է․ մարդիկ գնում են ընտրական տեղամաս և իրենց ձայնով ֆիքսում են, նոտարական հաստատման են ենթարկում պայմանավորվածությունը, թե մենք ոնց ենք իրար հետ ապրելու նույն երկրի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ առանց այդ բարեփոխման, մենք չենք կարող այս խնդիրները լուծել, այդ թվում՝ ինստիտուցիոնալ»,- նշեց վարչապետը։