Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ մեզ միավորում են կայուն զարգացման, խաղաղ և ներառական հասարակությունների ձևավորման, արդարադատության հասանելիության ապահովման և մի շարք այլ ընդհանուր նպատակներ։
Թեպետ յուրաքանչյուր ոլորտ՝ լինի կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, տնտեսություն, էներգետիկա կամ գյուղատնտեսություն, առանցքային նշանակություն ունի կայուն զարգացման համար, պետք է ընդունել, որ խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին։
Խաղաղությունը հիմքն է, որի վրա խարսխվում է զարգացումը և ծաղկում հասարակությունը։
Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հայաստանը վերաձևավորեց իր մոտեցումները՝ հիմնվելով խաղաղության հաստատման հրամայականի վրա։ Միայն այդպիսի տեսլականն է, որ խթանում է աճը, զարգացումը, դուրս բերում մարդկանց աղքատության ճիրաններից: Այն ապահովում է ժողովրդավարության ամրապնդումը և քաղաքացուն ընձեռում ընտրության իրավունք։ Այն հզորացնում է ազատությունը, արդարությունը, հավասարությունն ու անվտանգությունը։
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները Վաշինգտոնում նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը և ընդունեցին խաղաղ գործընթացի վերաբերյալ եռակողմ հռչակագիր։ Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և նրա վարչակազմի հետևողական ջանքերի շնորհիվ` վերջ տալով 3 տասնամյակ տևած հակամարտությանը: Ինչպես ասել է Աֆրիկայի մեծ զավակ Նելսոն Մանդելան․ «Ամեն բան անհնար է թվում մինչև իրագործումը»։
Խաղաղության հաստատմանը նպաստող պայմանների ստեղծումից հետո Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել ժամանակակից, մրցունակ, տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն պետություն։ Մեր ամենամեծ հարստությունը կրթված, աշխատասեր և օրենքին հնազանդ հասարակությունն է»։