Ընդհանրապես ՔՊ համագումարին մասնակցության կանոնները սահմանվում են ՔՊ համապատասխան որոշումներով և այդ որոշումները բոլորի համար են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, թե ճի՞շտ է արդյոք, որ 30 հազար դրամ անդամավճար չմուծելու պատճառով է, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել ՔՊ համագումարին։
«Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ։ Այն, ինչի մասին, որ դուք խոսում եք, դրա պարզաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա, որ տեխնիկական դետալների մեջ մտնենք։ Դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում։
Հարցին՝ եթե խնդիրը տեխնիկական էր, ինչու Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց իրեն մասնակցել համագումարին, Արշակյանը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն կա, որ հարցը տալիս եք, հետո պատասխանը չեք լսում։ Ես մանրամասն նկարագրեցի, որ այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունվում, կան կարգեր։ Ոչ մի վիրավորական բան այդտեղ չկա, ավելին ասեմ մեր հասարակությունը, մեր կուսակցականները պետք է ուրախ լինեն և համոզված եմ, որ ուրախ են և հարգում են բոլոր այն որոշումները, որոնք կայացված են։Այդտեղ որևէ անձնական կամ քաղաքական հարց չկա, որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելել, կա կարգ, կարգին հետևում են։
«Ի՞նչ նեղվածություն պետք է լինի։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս հետևում ենք, ես խնդիր չեմ տեսնում որևէ»,-ասաց նա։