Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության բացահայտումից հետո Ներքին գործերի նախարարությունում կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Եթե պարզվի, որ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են պատասխանատվություն»,-նշեց Սարգսյանը։
Նարեկ Սարգսյանը հայտնեց՝ Փարաքար համայնքում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո ոստիկանությունում տեղի էին ունեցել մի շարք պաշտոնանկություններ և կադրային փոփոխություններ, իսկ վերջին իրադարձությունից հետո պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հետ սպանվել է նաև ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, սակայն նախարարությունը բացառում է, որ մարդասպանի թիրախում եղել է ոստիկանության ծառայողը։
«Հիմնազուրկ պնդում է, որ թիրախում եղել է Կարեն Աբրահամյանը։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը։