Հետևեք մեզ։

Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է. ովքեր են հանդիսանում շահառուներ

07:48, 29 սեպտեմբեր 2025
Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է. ովքեր են հանդիսանում շահառուներ
Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր: Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:
 
Փոփոխության  արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ  պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:
 
Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին: 
 
Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը: 
 
Իսկապես, բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որն հատկապես ուղղված է կյանքը փրկելուն և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ:
 
Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է»,- գրել է նախարարն ու շնորհակալություն հայտնել հարկ վճարող քաղաքացուն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները