Էջմիածին քաղաքի բնակիչ Ալբերտ Շահինյանը իր տան հարևանությամբ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան է կառուցել։ Թե երբ է կառուցել՝ հայտնի չէ, որովհետև լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննության չի ներկայացրել, Վաղարշապատի համայնքապետարանը նրան լցակայան կառուցելու համար շինթույլտվություն չի տվել։ Հայտնում է Հետք-ը։
Ըստ պետական ռեգիստրի՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն 2000թ․ հունիսից բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուր է իրականացնում բենզալցման կայաններում։ Նրա որդին՝ Գարեգին Շահինյանը, Վաղարշապատի համայնքապետարանի հարուցած վարչական վարույթի քննության ժամանակ հայտնել է, որ լցակայանը գործում է 2017թ․-ից։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի դեմ ներկայացված մի քաղհայցից տեղեկանում ենք, որ լցակայանը 2016թ․-ին գործել է։
Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։
«Տնտեսվարողի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լցասյունակն ապամոնտաժվել է տնտեսվարողի կողմից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողամասը վերադարձվել է համայնքին ասֆալտապատ վիճակում»,- սեպտեմբերի 19-ին, մեր գրությանն ի պատասխան հայտնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Վերջինս չի պատասխանել մեր մյուս հարցին՝ ե՞րբ է ապամոնտաժել։
Վաղարշապատի համայնքապետարանին ուղղված հարցման հետ միաժամանակ գրությամբ դիմել էինք ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Խնդրել էինք տեղեկացնել՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն, արդյոք, վերացրե՞լ է տեսչության արձանագրած խախտումներն ու թերությունները, տեսչությունը որոշում ունի՞ լցակայանի գործունեությունը վերսկսելու մասին։ Մեր գրությանը պատասխանելու համար ՔՏՀԱ տեսչական մարմինը սեպտեմբերի 17–ին վերահսկողական շրջայց է իրականացրել և կրկին արձանագրել, որ լցակայանը շարունակում են շահագործել առանց թույլտվության։ Տեսչական մարմինը կրկին վարչական վարույթ է հարուցել։
Լցակայանը կապարակնքվել է հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) ղեկավարի հանձնարարագրի հիման վրա մասնագետները 2025թ․ մարտի 5-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամաս, 217ա հասցեում (նախկինում՝ Շահումյան փողոց, 76): Տեսչական մարմնի ղեկավարը մարտի 10-ին որոշում է ընդունել բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանի աշխատանքները դադարեցնելու մասին՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար։
Մարտի 21-ին տեսչական մարմնի մասնագետները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման հետ համագործակցելով կապարակնքել են և՛ բենզինի, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցասյունակները ՝ մինչև արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին՝ տեղեկացնելով կայացված որոշման մասին։ Նաև՝ խնդրել են տեղեկատվություն տրամադրել «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանի օրինականության վերաբերյալ։
Վաղարշապատ համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ նշված լցակայանն ունի սեփականության վկայական, սակայն լցավորման սյունակներից երկուսը գտնվում են համայնքային նշանակության հողամասի վրա։
Ապրիլի 1–ին տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը գրություն է ուղարկել Դ․ Գասպարյանին՝ պահանջելով ապամոնտաժել համայնքային հողամասի վրա գտնվող նշված լցավորման սյունակները և այդ մասին տեղյակ պահել իրեն։
Վաղարշապատ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը տեսչության գրությունը հիմք ընդունելով, ապրիլի 4–ին տարածքի տեղազննություն է կատարել։ Արձանագրել են, որ տնտեսվարողը երկու լցավորման սյունակները տեղադրել է համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում՝ առանց հողօգտագործման իրավունքի և առանց թույլտվության:
Դիանա Գասպարյանը ապրիլի 16-ին վարչական վարույթ է հարուցել և որոշել է չօրինականացնել «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ին պատկանող լցակայանը: «Քանդել (ապամոնտաժել) Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող, թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, տեղադրված երկու լցավորման սյունակները, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների կառույցները և ազատել հողամասը»,– ասվում է համայնքապետի ընդունած որոշման մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։