Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը երկարացնելու է գործող իշխանությանը տված կառավարման մանդատը:
Փաշինյանը նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026թ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման՝ մեզ տված մանդատը երկարացնելու է: Որովհետև մեր վարած «Խաղաղության օրակարգի» քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»,–ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021–ին նախընտրական պրոցես է մտել ստանդարտ՝ Երրորդ Հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով:
«ՔՊ–Դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ: Բայց ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է: Մեզ մոտ չկա ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխելու ինստիտուտ: Բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել ամբողջ քաղաքական նարատիվի և ընկալման ռազմավարության փոփոխություն, ինչն արտահայտված է կառավարության ծրագրում»,–ասաց նա: