Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարժական հավաքներին առնչվող նախագծի քննարկման ժամանակ:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրմանը, որն առնչվում է չգրանցված աշխատողներին վարժական հավաքների ներգրավելիս փոխհատուցում տրամադրելու հարցին, նախարարի տեղակալը պարզաբանեց. «Նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել ենք քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք՝ սկսած ֆինանսականից: Այս ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այդպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա, իր աշխատավարձից բացի, գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի:
Դուք ներկայացնում եք՝ ոչ գրանցված աշխատողները տուժում են: Կներեք, բայց ցանկալի է, որ գրանցվեն աշխատողները, որովհետև ի՞նչ է նշանակում «ոչ գրանցված աշխատող»: Ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որը ծախսվելու է նաև բանակի կարիքները հոգալու համար»: