Հետևեք մեզ։

«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն Հայաստանի մասին չէ. Փաշինյան

19:06, 01 հոկտեմբեր 2025
«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն Հայաստանի մասին չէ. Փաշինյան

«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Իմ ընկալումն այն է, որ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն «Զանգեզուրի միջանցք»: Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան: Եվ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ:  Հորադիզ-Զանգելանի միջանցք. կարող են ասել՝ դա միջանցք  է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն: Բայց դա Հայաստանի մասին չէ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմին չպետք է հուզի, թե Ադրբեջանն ինչ անուն է դնում: «Կարող է որոշեն անունը դնել «Ալբերտ Էյնշտեյն»: Թող դնեն: Դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի: Ես թղթեր ունեմ ստորագրած, դրանք հրապարակային են: Մեր երկրի տարածքում կա «Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ»»,- ասաց վարչապետը:

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին՝ նա ընդգծեց՝ Հայաստանն իր տարածքում նախագիծ ունենալու համար որևէ մեկի հետ չպետք է այն համաձայնեցնի: «Մենք մեր երկրի տարածքում կարիք չունենք որևէ մեկի հետ համաձայնեցնել, թե անունն ինչ դնենք: Իսկ համաձայնեցված անունը TRIPP ուղին է: «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման»,- ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի Հանրապետության մասին չէ, Ադրբեջանն իր տարածքում ինչ անուն ուզում է, կարող է դնել:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները