Ազգային ժողովը չընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շեշտել է, որ նման կարգավորում արդեն իսկ գործում է:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 26 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ ձայներ։
Նախագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների հերքումը, մեղմացումը, հավանության տալը կամ արդարացնելը կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։ Եթե արարքը կատարվի ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության հիմքով ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, ապա նախատեսվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Իսկ եթե այն իրականացվի զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կկիրառվի առավել խիստ պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։