Հետևեք մեզ։

«Զավիկի Ղարս»-ին որոշումն ուղարկվել է փոստով․ գործունեությունը չկասեցնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար կտուգանվի 300-400 հազար դրամով

11:38, 10 հոկտեմբեր 2025
«Զավիկի Ղարս»-ին որոշումն ուղարկվել է փոստով․ գործունեությունը չկասեցնելու դեպքում  յուրաքանչյուր օրվա համար կտուգանվի  300-400 հազար դրամով

Հայտնաբերված խախտումների հիմքով  «Զավիկի Ղարս» հանրային սննդի օբյեկտին գործունեության կասեցման որոշումն ուղարկվել է փոստով,  գործունեությունը չկասեցնելու դեպքում տնտեսավարողը կտուգանվի օրական 300- 400 հազար դրամով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։  

«Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր  հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում։  

Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը հրաժարվել է փակել սննդի օբյեկտը՝ պատճառաբանելով՝  քանի դեռ չի ստացել  որոշումը, կշարունակի աշխատել ։

«Որոշումը հրաժարվել է ստանալ առձեռն, ասել է՝  թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո  չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով»,-ասաց նա։ 

ՍԱՏՄ-ից հոկտեմբերի 8-ին հայտնել էին, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ 

ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է՝սպառողներին կրկին զգուշացնելով, որ «Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները