Ռուսաստանը կողմ է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը մինչեւ 2025թ․ վերջը։ Այժմ աշխատանքներ են տարվում դրա մշակման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է «Sputnik Армения»-ն։
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, եւ մեր գործընկերները կիսում են այն։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է հիմնված լինի տարածաշրջանային խաղացողների իրականության եւ շահերի ըմբռնման վրա»,- նշել է դիվանագետը։
Նա նաեւ նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն ազդում են այլ հարեւան երկրների շահերի վրա, այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմ երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ։
Կոպիրկինը նշել է, որ ձեւաչափը գործում է. արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում։ Թբիլիսիի մասնակցության վերաբերյալ նա նշել է, որ Վրաստանը սկզբում հետաքրքրություն է հայտնել փորձագիտական մակարդակով եւ մասնակցել է միջոցառումներից մեկին, բայց հետագայում հեռացել է։ Այնուամենայնիվ, ընդգծել է Ռուսաստանի դեսպանը, հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են այն հարցում, որ դուռը բաց է մնում Վրաստանի համար։