Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայի թագուհին իր ելույթում նշեց, որ գտնվում է Հայաստանի ամենահին համալսարանում, մի իդեալական վայրում՝ վերահաստատելու կրթության կարևորությունը և հիշելու, որ կրթությունը յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքն է, թեև, ցավոք, շատ դեպքերում այն դեռևս երաշխավորված չէ այսօրվա աշխարհում:
«Կրթությունը նպաստում է մեր անհատականության զարգացմանը, բայց այն նաև պայծառ մասնագիտական ապագայի ամենակարճ ճանապարհն է: Այն աղքատության և մարգինալացման դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: Ահա թե ինչու Միավորված ազգերի կազմակերպությունը կրթությունը դարձրել է կայուն զարգացման գերակա նպատակներից մեկը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը: Ցավոք, պետք է ընդունել, որ մենք ամբողջ աշխարհում այս նպատակին հասնելու ճիշտ ուղու վրա չենք: Որոշ ոլորտներում մենք նույնիսկ նահանջում ենք կամ սկզբունքները կասկածի տակ են դրվում: Սակայն մենք չենք կարող թույլ տալ պարտություն։ Այսպիսի կարևորագույն ժամանակներում առավել կարևոր է պատասխանատվություն կրել և մեր ջանքերը ներդնել՝ իրականացնելու 2015 թվականին մեր կողմից ընդունված նպատակները և պաշտպանելու այդ արժեքները»,- նշեց Բելգիայի թագուհին։