Հետևեք մեզ։

Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ

10:57, 17 հոկտեմբեր 2025
Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։

Դեսպանը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։

«Մենք հանդիպումներ ենք կազմակերպել Բեռլինում, աշխատանքներ ենք տարել և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները երախտապարտ են եղել։ Հիմա պետք է դեպի ապագա նայել ու հասկանալ, թե հաջորդ քայլերը որոնք են։ Վաշինգտոնում ձեռնարկված քայլերում մենք աաջընթաց ենք տեսել։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ քայլերին։

Սա երկար ճանապարհ է, բայց մենք արդեն տեսել ենք, որ տևական ժամանակ խաղաղ է, չենք տեսել բախումներ, ինչը հույս է տալիս, որ կարող ենք շարունակել անցնել այդ ճանապարհով»,- ասել է դեսպանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։

Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները