44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է ԱԺ նախագահը՝ հենվելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տված եզրակացության վրա։
«Թե այդ եզրակացությունն ինչքանով է իրավական առումով համոզիչ, ես դրա մասին բազմիցս խոսել եմ։ Այն գտնվում է առաջին բաժնում և թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ դրան»,-լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականին, թե զեկույցի ժամկետը խախտվել է, Անդրանիկ Քոչարյանը զայրացավ.
«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբանների տեսակետներ կան։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կան մի քանի իրավաբաններ, կան մի քանի տեսակետներ, բայց երբ վերցնում ես առողջ իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով, նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետա՞նց է, էդ զեկույցը մեռա՞վ։ Այդ զեկույցը վերհանել է այն խնդիրները, որոնց առկայության պարագայում 44 օրյա պատերազմի ընթացքում մենք պարտություն ենք ունեցել»։
«Հիմա իշխանությանը մեղադրել, թե դեմ է զեկույցը ներկայացնելուն, ո՛չ։ Կա իրավական խնդիր, որի շուրջ կա իրավական վեճ։ Թե ինչու են նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, այ դա խնդիր է»։