Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։
Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։
«Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:
Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։
Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում:
Մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով»։