Հետևեք մեզ։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական քայլերի առնչությամբ

11:55, 22 հոկտեմբեր 2025
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական քայլերի առնչությամբ

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի առնչությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրոնոն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Շատ ոգևորված եմ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, այդ թվում՝ Ադրբեջանի հայտարարությունը իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին»,- գրել է նա։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները