Ադրբեջանի որոշումը՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու վերաբերյալ նշանակում է, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը:
ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ: Արդեն 2 օր է, ինչ քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Դա շատ կարևոր որոշում է, որը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները միայն դեկլարացիա չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Այսինքն՝ դրանք դեկլարացիա են, որոնք բերել են կոնկրետ արդյունքներ»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բացասական երևույթների մասին միշտ է խոսվում, սակայն դրականը մնում է անտեսված:
«Երբ մի գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են տեղի ունենում, բայց երբ որևէ գյուղում արդեն երկար ժամանակ է՝ կրակոցի ձայն չի լսվում, դա ոչ ոք չի քննարկում: Կան մարդիկ, որոնք ասում են՝ «Հայաստանը կործանվում է»։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը: Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որոնք ապրում են Հայաստանի կործանման բանաձևի մեջ: Այսինքն՝ նրանց հարաբերության ձևը, գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է, իսկ եթե Հայաստանը չի կործանվում, նրանց համար գործունեության դաշտ չկա: Հետևաբար, գոնե մի փոքր գործունեության դաշտ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է, բայց դա էլ արդեն չի ստացվում, և երեկ ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանը, որին ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում: