«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Այդ օրը ոչ թե պարզապես գլխատվեց երկրի ղեկավարությունը, այլ խարխլվեց պետականությունը։ Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Արցախյան հարցում այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի»։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ Երկրապահ կամավորականները 2020 թվականից պահպանում են Հայաստանի պետական սահմանները։ «44-օրյա պատերազմին մասնակցել է շուրջ 4000 երկրապահ․ ունեցել ենք 74 զոհ և 113 վիրավոր»,– նշեց նա։
Խոսելով կառավարության՝ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու որոշման մասին՝ Միքայելյանը նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ․ «Դա կառավարության որոշումն է։ Ժողովրդի մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պետք է առողջ, պատրաստված երիտասարդներ ունենանք, սակայն, ցավոք, այսօր շատերը ազատվում են ծառայությունից՝ առողջական պատճառներով»։
Միաժամանակ ԵԿՄ նախագահը համոզմունք հայտնեց, որ զինծառայողների թվի կրճատումը վտանգ չի ստեղծի բանակի համար․ «Թվաքանակը չէ, որ որոշիչ է։ Ավելի կարևոր է, որ բանակը լինի պրոֆեսիոնալ։ Որակն է կարևոր»։