ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի ընթացքը՝ նշելով, որ Սահմանադրական խորհրդի աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։
«Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում, և վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության։ Խորհուրդը որոշումներ է կայացրել որոշ ձևակերպումների վերաբերյալ՝ թե ինչ տեսքով դրանք պետք է ներառվեն Սահմանադրության տեքստում։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը, և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ արդեն կայացված է խորհրդի քվեարկությունը, կներկայացնենք հանրությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գալյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք խորհրդում արդեն քննարկվե՞լ է Անկախության հռչակագիրը, նախարարը պատասխանեց՝ ոչ։ «Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի՝ ոչ։ Հարցի պատասխանն է՝ ոչ»,-նշեց Սրբուհի Գալյանը։