«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ դեռ ամիսներ առաջ նախազգուշացրել էր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ֆեդերացիաներում և այլ կառույցներում իշխանությանը հարազատ անձանց նշանակելուց հետո հերթը հասնելու է եկեղեցուն։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ ունենալ իր «սրտի Կաթողիկոսը»։
«Նպատակն այն էր, որ այն կառույցը, որը պարբերաբար գնահատականներ էր տալիս իշխանությանը և որի հետ Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր, դառնա հարձակման թիրախ։ Ասում են՝ եկեղեցին չուլանացրել են և այլն, այսինքն՝ իշխանությունների կողմից հստակ ուղղորդում է եղել»,– նշեց Դանիելյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ նույն Փաշինյանը նախկինում պնդում էր, թե պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, սակայն այժմ ոչ միայն խառնվում է, այլև, ըստ Դանիելյանի, փորձում է պառակտել եկեղեցին և այն վերածել առանձին խմբավորումների։
Դանիելյանի խոսքով՝ կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցելու փորձը և վարչական ռեսուրսների ներգրավումը ձախողվել են։
«Մարզպետները, վարչական շրջանի ղեկավարները և պաշտոնյաները մեծ ջանքեր էին գործադրում՝ ապահովելու մարդիկ “մասովկան”՝ շոու ստեղծելու համար։ Սա ևս եկեղեցին թիրախավորելու գործիքակազմի մի մասն էր»,– եզրափակեց պատգամավորը։