ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։ NEWS.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը պատմեց, որ համալսարանում իր հերթական դասախոսությունը նվիրված էր քաղաքական ռեժիմներին, և դեմոկրատական քաղաքական ռեժիմը ներկայացնելու ժամանակ խոսել է նաև խոսքի ազատության մասին՝ նշելով, որ այն չի կրում բացարձակ բնույթ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում։
Սահակ Մանուկյանն, իր խոսքով, ֆիլմից բացի այլ օրինակներ էլ է բերել իրական կյանքից՝ ցույց տալու համար, որ նույն բառը մի դեպքում կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ զրպարտություն։
«Եվ ես ոչ մի ավելորդ բառ, քան այն, ինչ որ բառացի քիչ առաջ ձեզ ներկայացրեցի, չեմ արտաբերել։ Լսարանում բացի պատգամավորուհու աղջկանից, ներկա են եղել ևս 70 ուսանողներ, որոնցից ոչ ոք, ոչ միայն դժգոհ չի եղել, այլ ընդհակառակը, բավականին հետաքրքրված են եղել ուսանողները։ Անգամ դասը ավարտվելուց հետո նրանք շարունակում էին ինձ հարցեր ուղղել»,–պատմեց դասախոսը։
Սահակ Մանուկյանը ուրբաթ օրը էլեկտրոնային փոստով հրաման է ստացել համալսարանից, ըստ որի ազատվել է աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։
Հարցին՝ պատրաստվու՞մ է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել ռեկտորին և վերադառնալ աշխատանքի, դասախոսը պատասխանեց.
«Ռեկտորն ինձ իր մոտ չի հրավիրել, բացատրություն չի պահանջել, այլ շատ արագ, կայծակնային արագությամբ կազմակերպել է ինձ ազատելու գործընթացը։ ԵՊՀ–ում իմ գիտամանկավարժական գործունեության ստաժը հավասար է պատգամավորուհու դստեր տարիքին, իմ գրած գիտական աշխատությունների քանակը այնքան է, այդ աղջկա հասակը, և ռեկտորը այստեղ կշեռքի մի նժարին դնում է պատգամավորուհու աղջկա չգիտեմ ինչը, մյուս նժարի դրա վրա դնում է գիտությունների թեկնածուին և, բնականաբար, ինձ զոհաբերում է՝ շատ պարզ պատճառաբանությամբ։
Քանի դեռ Արուսյակ Մանավազյանը պատգամավոր է և կարող է ազդել օրենսդիր իշխանությունից դուրս գտնվող մարմնի՝ կրթական հաստատության որոշում կայացնողի վրա, ես կարծում եմ, որ դա հեռանկարային չէ։ Այս ամբողջ պատմության զավեշտն այն է, որ համալսարանում ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձը ստիպվել է համալսարանի ղեկավարությանը, որ ինքը իր աշխատողից ազատվի»,–ասաց Սահակ Մանուկյանը։