ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վտանգավոր է համարում այն, որ Հորմուզի նեղուցի փակման և նավթի գնի աճի պատճառով մեղմացվել են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին ժամանելիս:
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը վտանգավոր նախադեպ է, որովհետև այս պահին մեզ հարկավոր է, որ նրանք ավելի քիչ գումար ունենան պատերազմ վարելու համար, ոչ թե ավելի շատ», - Կալասի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Հորմուզի նեղուցի փակումը շահավետ է Ռուսաստանի համար, քանի որ դա նրան թույլ է տալիս ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը:
Կալասը նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչ կարող են անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար:
Օրերս ԱՄՆ-ն թույլատրել էր ռուսական ծագման այն նավթի ու նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ։ Այս թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը: