Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հետագա հարվածներ հասցնելուց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Փաստ համար մեկ՝ Իսրայելը միայնակ է գործել «Հարավային Պարս» գազի հանքավայրի դեմ։ Փաստ համար երկու՝ նախագահ Թրամփը մեզ խնդրել է զերծ մնալ հետագա գրոհներից, և մենք զերծ ենք մնում», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի գազի հանքավայրին հարվածը չի համակարգվել ԱՄՆ-ի հետ։ Նա նշել էր, որ Իսրայելը չի հարվածի Իրանի գազի հանքավայրերին, բայց ԱՄՆ-ն դա կանի, եթե Իրանը չդադարեցնի հարվածները տարածաշրջանի երկրներին։
Նեթանյահուն նաև հերքել է այն մեղադրանքները, թե ինքն է Թրամփին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝Թրամփը միշտ իր որոշումները կայացնում է՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչը լավ կլինի ԱՄՆ-ի համար։
Նա նաև հավաստիացրել է, որ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել կամ բալիստիկ հրթիռներ արտադրել։ Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ հարվածների ընթացքում ոչնչացվում են նաև հրթիռների և միջուկային զենքի բաղադրիչների արտադրության գործարանները։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի թիրախավորել Իրանի ղեկավարությանը։
«Կարևոր չէ՝ ով է նրանց փոխարինում։ Մենք այնպես ենք անում, որ Պահապանների կորպուսում փոփոխությունները շատ կարճատև լինեն», - ասել է նա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ ընդհանուր համակարգի գործունեության վրա։