Հետևեք մեզ։

Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի շուրջ հակամարտությունը

17:19, 23 մարտ 2026
Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի շուրջ հակամարտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կառուցված «Բուշեր» ատոմակայանին հարվածները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

 

«Մարտի 23-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», - նշված է հաղորդագրության մեջ։

Լավրովն ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին ամերիկա-իսկայելական հարվածների «բացարձակ անընդունելիությունը»՝ նշելով, որ դրանք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսաստանցի անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով «տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»։

Գերատեսչությունում հավելել են, որ Իրանը և ՌԴ-ն մտահոգություն են հայտնել «Կասպից ծովի ջրատարածքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հրահրած հակամարտության վտանգավոր տարածման առումով» ։

Ռուսական կողմը նշել է «մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով «բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը»։

«Ռուսաստանն այս դիրքորոշմամբ  կառաջնորդվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - նշել են նախարարությունում:

Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանն Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած նշանակալի դիվանագիտական ​​աջակցության և մարդասիրական օգնության համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները