Վերջին օրերին ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում գրանցվել է ուժեղ տորնադոների զանգվածային բռնկում, որը հանգեցրել է զգալի ավերածությունների և մարդկային զոհերի։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը։
2026 թվականի մարտի 10–12-ը ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավելի քան 60 տորնադո։ Ըստ նախնական տվյալների՝ առնվազն 8 մարդ զոհվել է, տասնյակից ավելի մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տորնադոների վերաբերյալ նախազգուշացումներ հայտարարվել են մի շարք նահանգներում՝ Տեխասից մինչև Ինդիանա։
Ամենամեծ վնասները գրանցվել են Իլինոյս, Ինդիանա և Տեխաս նահանգներում։ Իլինոյսում մի քանի քաղաքներում տներ և այլ շինություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն վնասվել են։ Ինդիանայում տորնադոները անցել են մի շարք համայնքների միջով՝ պատճառելով ավերածություններ և մարդկային զոհեր։ Տեխասում, բացի տորնադոներից, դիտվել են նաև ուժեղ ամպրոպներ և խոշոր չափերի կարկուտ։
Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և աջակցություն ցուցաբերում տուժած բնակիչներին։
Մասնագետների գնահատմամբ՝ այս վտանգավոր եղանակային երևույթների առաջացման հիմնական պատճառը մի քանի օդերևութաբանական պայմանների համադրությունն էր․ Մեքսիկական ծոցից ներթափանցող տաք և խոնավ օդային զանգվածներ, ուժեղ սառը ճակատի անցում, ինչպես նաև մթնոլորտի բարձր անկայունություն և քամու ուժեղ տարբերություն տարբեր բարձրություններում։ Նման պայմանները նպաստում են հզոր ամպրոպային համակարգերի ձևավորմանը, որոնք հաճախ կարող են առաջացնել տորնադոներ։