Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունները սկսվեցին 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։
Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և, ըստ էության, չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Առավել թեժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Ապրիլյան պատերազմը փոխեց պատերազմ վարելու կանոնները տարածաշրջանում։ Ադրբեջանը պատերազմ էր վարում նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով։
Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվեց 110 զինծառայող:
Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ։
Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր։
Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց: