Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության դիվանագիտական կարգավորման «պատուհանն արագ փակվում է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Մենք մոտ ենք այն կետին, երբ տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - նշել է նա։
Խոսնակը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների երկարատև բնույթը ոչ մի պետության երկարաժամկետ շահերին չի ծառայում։
«Եթե այս պատերազմը շարունակվի, հաղթողներ չեն լինի», - ասել է նա։
Կարևորագույն ռեսուրսների և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ սպառնալիքների առնչությամբ խոսնակը նշել է, որ «քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա որևէ կողմի հարձակումները չպետք է ընդունելի լինեն»։