ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանն «առաջիկա երկու օրվա ընթացքում» կարող են վերսկսել բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է New York Post-ի հետ հեռախոսային հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը պարբերականին հայտնել է, որ քննարկումներ են ընթանում, «չնայած մի փոքր դանդաղ»։ Նա նաև նշել է, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ Եվրոպայում։
Ըստ պարբերականի՝ Թրամփն այս զրույցից կես ժամ անց հետ է զանգահարել լրագրողին։
«Դուք պետք է մնաք այդտեղ (խմբ.՝ Իսլամաբադում, որտեղ անցկացվել են նախորդ բանակցությունները), որովհետև առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, և մենք ավելի հակված ենք գնալու այնտեղ», - ասել է նա՝ հավելելով, որ դա ավելի հավանական է, քանի որ ֆելդմարշալը հրաշալի գործ է անում։
Դոնալդ Թրամփը նկատի է ունեցել Պակիստանի ֆելդմարշալ գեներալ Ասիմ Մունիրին։
Բացի այդ, Fox News-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Իրանի հետ պատերազմն արդեն ավարտվել է, Թրամփն ասել է, որ այն «շատ մոտ է ավարտին»։
Իսլամաբադում ապրիլի 11-12-ին տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են առանց համաձայնագրի։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։