Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են պայքարը մեդալների համար, իսկ օրվա գլխավոր հերոսը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն է։
Հայ ըմբիշը մրցաշարում հիանալի մարզավիճակ է ցուցադրում։ Քառորդ եզրափակչում Աղաջանյանին ընդամենը 1 րոպե պահանջվեց Կոնունովին պարտության մատնելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Եզրափակչի ուղեգրի համար Սուրեն Աղաջանյանը մրցեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Զահիդ Մամադլիի հետ։ Հայ մարզիկը պարզապես շքեղ ու վստահ գոտեմարտ անցկացրեց՝ երկրորդ մրցափուլում տուշեով պարտության մատնելով տիտղոսակիր մրցակցին։ Գոտեմարտի դադարեցման պահին Աղաջանյանն արդեն իսկ հաղթում էր 6։1 վստահ հաշվով (գրանցվել է նաև 8:1)։
Սուրեն Աղաջանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտելու իրավունք։ Եզրափակիչը կկայանա ապրիլի 22-ին։
Մրցագորգ դուրս եկած մեր մյուս մարզիկները, ցավոք, պարտություններ կրեցին քառորդ եզրափակչում:
67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը զիջեց Մուրաթ Ֆիրաթին: 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը չափազանց լարված և ցավալի պայքարում 5։8 հաշվով պարտվեց Կառլո Կոդրիչին: