ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Լիաննա Մանուկյանը գրում է․
«Ինձ հետաքրքիր է՝ Արցախի իմ քույրերի ու եղբայրների կարծիքը՝ թեկուզ անձնական նամակով։
Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում եվրոպացի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ են ժամանելու մեր երկիր։ Եվրոպական արժեքներից՝ մարդու հիմնարար իրավունքների, ազատության եւ քաղաքակիրթ աշխարհին բնորոշ բարքերի մասին թմբկահարողները արդյոք չե՞ն խոսելու մեր երկրում առկա կարեւորագույն խնդիրներից։ Մի՞թե շարունակելու են լուռ ու անտարբեր հայացքի ներքո պահել Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարավոր մեր հայրենակիցների իրավունքների խախտումները, Արցախում հիմնովին ջնջվող մեր պատմությունը, ավիրվող եկեղեցիները։ Լուռ են բոլորը, աչք է փակվում Բաքվում ապօրինաբար պահվող մեր նախագահների և մյուս հայրենակիցների հանդեպ կիրառվող խոշտանգումների վրա։ Սարսափելին այն է, որ այս լրջագույն խնդիրները քաղաքակիրթ աշխարհը չի նկատում, սակայն փորձեք, օրինակ, իրենց հարմար եւ ականջահաճո հակահայկական թեմաներ առաջ քաշել՝ վստահաբար դա կդառնա թոփ 1 թեմա։ Բարձրաձայնեք ու աղաղակեք բոլոր այս խնդիրներն ինչպես կարող եք, խոսե՛ք, ներկայացրե՛ք, թող բոլորն իմանան մեր երկրում առկա խնդիրներն ու համարժեք արձագանք տան։ Լռելը, նույն հանցակից լինելն է»։