44-օրյա պատերազմում անհետ կորած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը լրագրողներին պատմել է, թե ինչու է մոտեցել Նիկոլ Փաշինյանին և ինչ է ասել նրան։
Նրա խոսքով՝ իր քայլը պայմանավորված է ոչ միայն անձնական ցավով, այլև հայրենիքի կորստի զգացումով։
«Այո՛, իմ եղբայրը 44-օրյա պատերազմի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է, բայց հավատացե՛ք՝ իմ պոռթկման առաջին պատճառը հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի հաղթանակած երկրի պայմաններում կամ թեկուզ արժանապատիվ պարտված երկրի, անհամեմատ թեթև կտանեի այս ցավը։ Բայց մենք անպատիվ ենք կորցրել հայրենիքը, և ես դա ներել չեմ կարող»,- ասել է նա։
«Ես չէի կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դիմաց, իմ տարածքն էլ պղծի, և ես չարտահայտվեմ։ Իմ տունը, իմ շենքը իմ սրբավայրն է։ Չէի կարող իմանալ, որ եկել է, ու չիջնել ներքև»,- նշել է նա։
Նրա փոխանցմամբ՝ մոտեցել է Փաշինյանին՝ աչքերի մեջ նայելու և իր ասելիքը փոխանցելու համար։
Հարցին՝ չի՞ վախենում հնարավոր հետևանքներից, կինը պատասխանել է, որ պատրաստ է դրան։
«Եթե սրա համար պետք է գան, թող գան։ Ես չէի կարող լռել։ Ութ տարի իմ ձևով պայքարել եմ, իմ աշխատանքը բարեխիղճ կատարել եմ իմ ժողովրդի համար։ Երբ առիթ է եղել բողոքի ձայնս բարձրացնելու, միշտ ներկա եմ եղել»,- ընդգծել է նա։