Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով տնային կալանք է կիրառվել ևս 3 անձի նկատմամբ

10:08, 19 մայիս 2026
«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով տնային կալանք է կիրառվել ևս 3 անձի նկատմամբ

Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում տնային կալանք է կիրառվել ևս երեք անձի նկատմամբ։

Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավդալյանը:

Քննչական կոմիտեն մայիսի 18-ին հայտնել էր, որ նույն գործով 6 անձ կալանավորվել է, 1 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական նիստերը դեռ չէին կայացել։ Քննչական կոմիտեն վերը նշված 3 անձանց նկատմամբ ևս կալանքի միջնորդություն էր ներկայացրել։

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։ Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները