Հետևեք մեզ։

Գուգլ մափը Տիգրանաշենը դարձրել է Քյարքի. Թաթուլ Հակոբյան

21:54, 20 մայիս 2026
Գուգլ մափը Տիգրանաշենը դարձրել է Քյարքի. Թաթուլ Հակոբյան

Լրագրող, «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը գրում է.

«Գուգլ մափը Տիգրանաշենը դարձրել է Քյարքի:

Գուգլ մափը տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել:

Այսպես, Խորհրդային Հայաստանի տարածքում Նախիջևանի անկլավային նախկին Քյարքի գյուղը, որը 1990 թվականից հայկական վերահսկողության տակ է, սկսել է օգտագործել միայն Քյարքի անունը: Տիգրանաշեն անունը այլևս չի գրվում:

Նույնը վերաբերում է մյուս երկու անկլավներին՝ Վերին Ոսկեպարին և Սոֆուլու-Բարխուդարլիին:

Խորհրդային քարտեզներում Վերին Ոսկեպարը ադրբեջաներենով Յուխարը Ասկիպարա էր: Այսօր գուգլ մափը օգտագործում է լատինատառ Verin Voskepar անունը, բայց չկան ոչ ադրբեջաներենով և ոչ էլ հայերենով:

Սոֆուլու-Բարխուդարլին գրված է ադրբեջաներենով:

Մեր անկլավը՝ Արծվաշենը, գրված է հայերենով:

Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ինչի մասին վերջերս հայտարարում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: 

Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ:

Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու:

Նույնը պետք է լինի, եթե հայերը վերադառնան Արծվաշեն: Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանապարհ տա մեզ:

Կրկնեմ, որ անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու:

Ժամանակին, երբ գրում էինք կամ գրվում էր, որ անկլավների փոխանակում է կատարվելու, իշխանությունները նյարդային և թիրախավորված արշավ էին իրականացնում՝ մեզ մեղադրելով ադրբեջանական նարատիվները Հայաստանում տարածելու մեջ: Այսօր, ընդամենը 3-4 տարի անց, հենց իշխանություններն են հայտարարում, որ տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ընդ որում օգտագործում են "Արծվաշենը վերադարձնում ենք" ինքնագովերգող ոճը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները