Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը բացառապես հիմնված է սպառնալիքների, անձնական բնույթի վիրավորանքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա․ մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Քարոզարշավին մասնակցող մյուս ուժերն այս օրերն օգտագործում են իրենց ծրագրերը ներկայացնելու համար, սակայն ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը բացառապես տեղափոխել են քաղաքական ընդդիմախոսների հասցեին հնչեցվող սպառնալիքների դաշտ: Այս դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական սպառնալիքների և վիրավորանքների հնչեցման դաշտ, նրա ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ: Այս ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ասելիքի բացակայությամբ»,- նշեց նա:
«Հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում ԲՀԿ-ի և մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ: Ուզում եմ դիմել Հակակոռուպցիոն կոմիտեին, ուզում եմ հասկանալ՝ հավկուրությունը ախտորոշո՞ւմ է, թե՞ այլ դրսևորում: Ես առաջարկում եմ մի գործ էլ հարուցել իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև մինչև ընտրությունը թոշակների բարձրացումը, պետական համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներն ինչ են, եթե ոչ ընտրակաշառքի դրսևորումներ»,-նկատեց Ծառուկյանի մամուլի խոսնակը: