Հետևեք մեզ։

Թրամփն Իրանի հետ համաձայնագրի կնքումը կապել է մերձավորարևելյան երկրների կողմից Աբրահամյան համաձայնագրերի ստորագրման հետ

21:05, 25 մայիս 2026
Թրամփն Իրանի հետ համաձայնագրի կնքումը կապել է մերձավորարևելյան երկրների կողմից Աբրահամյան համաձայնագրերի ստորագրման հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ կա՛մ կլինի «հրաշալի գործարք բոլորի համար», կա՛մ ընդհանրապես ոչ մի գործարք, և նորից կսկսվեն կրակոցներ՝ «ավելի մեծ ու ուժեղ, քան երբևէ»։

 

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը պետք է լինի Իրանի հետ համաձայնագրի մաս:

Թրամփը հայտնել է, որ մայիսի 23-ին զրուցել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ և քննարկումների ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից «այս շատ բարդ խնդիրը լուծելու համար կատարված ամբողջ աշխատանքից հետո պարտադիր պետք է լինի, որ այս բոլոր երկրներն առնվազն միաժամանակ ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը»։

 

«Քննարկվող երկրներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (արդեն անդամ է), Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը և Բահրեյնը (արդեն անդամ է): Հնարավոր է, որ նրանցից մեկ կամ երկուսը պատճառ ունենան դա չանելու համար, և դա կընդունվի, բայց մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկանան և կարողանան Իրանի հետ այս կարգավորումը դարձնել շատ ավելի պատմական իրադարձություն, քան կլիներ այլ դեպքում», - գրել է Թրամփը:

 

Նա հավելել է, որ Աբրահամյան համաձայնագրերը ներգրավված երկրների համար (ԱՄԷ, Բահրեյն, Մարոկկո, Սուդան և Ղազախստան) ֆինանսական, տնտեսական և սոցիալական մեծ օգուտ են բերել:

 

Ըստ Թրամփի՝ Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը պետք է սկսվի Սաուդյան Արաբիայից և Կատարից, և մնացած բոլորը պետք է հետևեն նրանց օրինակին։

 

«Եթե նրանք դա չանեն, ապա չպետք է մաս կազմեն այս գործարքի, քանի որ դա ցույց է տալիս վատ մտադրություն», - ասել է Թրամփը:

 

Նա հավելել է, որ նշված բոլոր երկրների համար պատիվ կլինի, որ Իրանը նույնպես դառնա Աբրահամյան համաձայնագրերի անդամ, հենց պատերազմի ավարտի շուրջ փաստաթուղթը ստորագրվի։

 

«Դա ինչ-որ յուրահատուկ բան կլինի։ Սա կլինի ամենակարևոր գործարքը, որն այս հզոր, բայց միշտ հակամարտության մեջ գտնվող երկրներից որևէ մեկը երբևէ կստորագրի։ Անցյալում կամ ապագայում ոչինչ չի գերազանցի դրան։ Հետևաբար, ես պարտադիր կերպով խնդրում եմ, որ բոլոր երկրներն անմիջապես ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը, և որ եթե Իրանը ստորագրի իր համաձայնագիրը ինձ հետ՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, պատիվ կլինի նրանց նույնպես մաս դարձնել այս աննախադեպ համաշխարհային կոալիցիայի», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ դրանով Մերձավոր Արևելքը կդառնա միասնական, հզոր և տնտեսապես ուժեղ տարածաշրջան:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները