Հայաստանի իշխող կուսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական թեզը, քանի որ այլ բանի մասին խոսել չի կարող. ձախողել է բոլոր խոստումները։ Այս մասին Գորիսի բնակիչների հետ հանդիպմանն հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ամենաանհեթեթն ու պարադոքսալը քաղաքական գործիչը համարում է այն, որ Փաշինյանը համառորեն հրաժարվում է խաղաղության երաշխավորներից ու երաշխիքներից։ «Թող Փաշինյանը բացատրի, թե ինչով են իրեն խանգարում երաշխիքները։ Զրո պատասխան։ Ասում են, թե խաղաղությունը պետք է երաշխավորի Ադրբեջանը։ Դուք համաձա՞յն եք դրա հետ»,- դիմել է Քոչարյանը ներկաներին։ «Ո՛չ»,- արձագանքել են դահլիճից։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ «թշնամի» են հայտարարվել նաև հայկական ինքնությունը, պատմությունն ու եկեղեցին։ «Այս մարդը գցել է ժողովրդին։ Ընկերների մասին արդեն գիտենք։ Բոլոր ուղղություններով գցել է հայ ժողովրդին։ Նա ոտքից գլուխ քաղաքական խաբեբա է։ Քարտեզն ամրացրել է կրծքին. չեմ զարմանա, եթե վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի»,- հեգնել է Քոչարյանը։
Նա անհեթեթ է անվանել Փաշինյանի այն հավաստիացումները, թե իշխանությունները «բանակը զրոյից են կառուցել»։ «Ժառանգեց մարտունակ բանակ ու քանդեց, հիմա դրա քանդման մեջ մեղադրում է բանակ ստեղծողներին»,- արձանագրել է Քոչարյանը։ Վերջում նա ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդուց՝ Ալիևից։ Դա վասալային կախվածություն է Ադրբեջանից, հայտարարել է Քոչարյանը։