ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ի Հայաստանի այցից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի հետ նոր համագործակցության ուղղությունները։
«Եվ այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, հենց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի համար էր»,- ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այդ նախաձեռնության հիմնական անկյունաքարերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։
«Դա խաղաղության համաձայնագիրն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են կարևոր հուշագրեր։
«Մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր»,- նշել է Ռուբիոն։