Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այլ մտադիր է օգտագործել կառույցում իր ներգրավվածությունն ու լծակները՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նաև արտահանման և ներմուծման ուղղությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։
«Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն օգտագործել և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ արտահանման և ներմուծման ուղղությունների դիվերսիֆիկացումը նոր գործընթաց չէ, և արդեն տարբեր ուղղություններով առևտրաշրջանառության աճ է արձանագրվում։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտահանման համար բացվել է նաև Ախալքալաք-Կարս երկաթուղին։
«Շատ ուրախ եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար, և առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու՝ այդ երկաթգծով հնարավոր շուկաները ուսումնասիրելու»,- ասել է նա՝ հավելելով, որ արդեն կան գործընկերների հրավերներ։
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի ներուժը դեռ ամբողջությամբ օգտագործված չէ, մասնավորապես՝ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները Ղազախստանի և Ղրղզստանի հետ սահմանափակ են։
«Երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել»,- նշել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ երկաթուղու առաջին գործարկմանը զուգահեռ Հայաստանը նաև Ղազախստանից հացահատիկի ներմուծման գործարք է կնքել։
«ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում և առանց նյարդի, գործընկերային, հանդարտ աշխատելու ենք, բոլոր հարցերը լուծենք»,- ասել է վարչապետը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Օվերչուկը նշել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն՝ ընդգծելով, որ երկրի եվրաինտեգրման ճանապարհին, այնուամենայնիվ, կարող են առաջանալ խնդիրներ։