Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության գործարան։ Այս մասին տեսաուղերձով հայտարարել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը՝ նշելով, որ վարչապետ լինելու պարագայում նման հարցերը պետական քաղաքականության առաջնային ուղղություններ են լինելու։
«Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները այս բոլոր հարցերով ԱՄՆ-ի և մյուս բոլոր երկրների հետ։ Մենք Հայաստանի կրթական համակարգում՝ համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում անելու ենք կրթական ծրագրերի փոփոխություններ»,- ասաց Թաթոյանը։
Նա ընդգծեց նաև, որ այս համակարգերն օգտագործվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերում, գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։
«Մեր սփյուռքի հայրենակիցների հետ աշխատելու ենք շատ սերտ, որպեսզի նրանց հետ միասին այս համակարգերը բերենք և ներդնենք մեր երկրում։ Միայն թե այս ընթացքում մենք պահպանելու ենք մեր ազգային ինքնությունը, պահպանելու և զարգացնելու ենք մեր ազգային արժեքները, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ մենք՝ հայերով ենք դա անում։ Դա հնարավոր է, և դա կարող են անել հենց հայերը»։